News Item: : ՀՀ Սփյուռքի նախարարն ընդունել է հայ երգիչներին
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 25 May 2010 - 22:52:12

Մայիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանին (Մրո), Արամ Գևորգյանին (Արամո), ինչպես նաև ճանաչված երգչուհի Էմմա Պետրոսյանին: Նրանք ՀՀ սփյուռքի նախարարության Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 10-21-ը մեկնել էին Արգենտինա, Ուրուգվայ և Բրազիլիա: Նշված ժամանակահատվածում երգիչները համերգային ծրագրով հանդես եկան Բուենոս Այրես, Կորդոբա, Մոնտեվիդեո և Սան Պաուլո քաղաքներում: Համերգները տևել են մոտ երեքուկես ժամ: Հնչել են էստրադային, ժողովրդական, գուսանական և ազգային երգեր, որոնք ամենուրեք արժանացել են հանդիսատեսի ջերմ ծափողջույններին:

Ողջունելով հյուրերին` նախարար Հ.Հակոբյանը շնորհավորեց նրանց Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում աննախադեպ համերգային ծրագրով հանդես գալու կապակցությամբ: Տիկին Հ.Հակոբյանը նշեց, որ Լատինական Ամերիկայի երկրներում ուծացման գործընթացը արագ է ընթանում, իսկ Հայաստանի անկախացումից հետո նշված համայնքները դուրս են մնացել ուշադրությունից և նման միջոցառումներ երբևէ չէին կազմակերպվել: Նախարարը կարևորեց, որ երգիչները հանդես են եկել բարեգործական համերգներով, որը մեկ անգամ ևս ապացուցեց նրանց պետական մտածողության մասին: Նրանք նաև ՀՀ սփյուռքի նախարարության բանագնացներ էին:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար` երգիչները կիսվեցին համերգային շրջագայության ընթացքում ստացած տպավորություններով: Նրանք պատմեցին հայ համայնքի ոգևորության և իրենց ջերմ ընդունելության մասին: Երգիչները կարևորեցին նման նախաձեռնությունների ռազմավարական նշանակությունը` հայապահպանության, հայ համայնքի համախմբման և այլ առումներով: «Հանգիստ առուն սկսեց քրքջալ», - ասաց Արամոն` փորձելով նկարագրել այն մեծ ոգևորությունը, որն առաջացել էր հայության շրջանում:

Երգիչները տիկին Հ.Հակոբյանին տեղեկացրեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման կապակցությամբ Սփյուռքի հայ համայնքներում տիրող մեծ ոգևորության մասին:



This news item is from HovNet LTD
( http://ns.hovnet.am/news.php?extend.40 )